Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Աշխարհի դիվանագիտական ականջն ընտելացնում են իրենց հնարած «ճշմարտություններին»

Աշխարհի դիվանագիտական ականջն ընտելացնում են իրենց հնարած «ճշմարտություններին»
01.09.2009 | 00:00

ԻՆՉ ԿԱ-ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Աստծո անցած յոթ օրում վերջացավ ամառը: Տարվա չորս եղանակների թեժության ամառային ակնկալիքները չարդարացան` աղքատի ամառ էր, ոչ էլ շոգ էր, ոչ էլ... Բայց, անաչառ լինելու համար, ընդունենք, որ իրադարձությունների պակաս չկար, գուցե շատ հետո այդ իրադարձությունների ողջ խորքն ու բովանդակությունն ընկալելի լինեն: Շատ հետո, որովհետև սովորաբար մեր կյանքի ու մեր մասին ոչ միշտ ենք ամեն ինչ ընկալում, ուր մնաց` երկրի կյանքի:
Հոկտեմբերի 10-ին կնշվի Երևանի 2791-ամյակը` քաղաքապետարանի շենքից մինչև Հանրապետության հրապարակ երթով կմեկնարկեն «Էրեբունի-Երևան» միջոցառումները: Ըստ պաշտոնական տեղեկության` միջոցառումներին կմասնակցեն մայրաքաղաքի դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, իսկ տոնական երթը կգլխավորի քաղաքապետը: Սքանչելի է: Առավել սքանչելի է, որ այդ օրը Երևանի կենտրոնական հատվածի այգիներում ու պուրակներում էլ կանցկացվեն տարբեր միջոցառումներ, որոնց կմասնակցեն մշակութային օջախների սաները: Ամենասքանչելին` «քաղաքապետարանը կանի հնարավորը, որ Երևանի կենտրոնը տոնական տեսք ունենա»... Փորձենք հասկանալ. ելնելով հաղորդագրությունից` մայրաքաղաքի 2791-ամյակը վերաբերում է միայն նույն այդ մայրաքաղաքի դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, մեկ էլ` մշակութային օջախների սաներին, բայց, չգիտես ինչու, նրանց երթը գլխավորելու է... քաղաքապետը: Սա` մեկ: Եվ երկու` նույն այդ հաղորդագրության համաձայն` քաղաքապետարանը, փաստորեն, Երևան է համարում միայն Երևանի կենտրոնը և պատրաստվում է հնարավորն անել, որ կենտրոնը տոնական տեսք ունենա... Այսինքն` քաղաքը բաժանվում է երկու մասի. կենտրոնում տոն է, կենտրոնից դուրս` սովորական օր: Տոնի ու քաղաքի ինքնատիպ ընկալում է: Շատ արդիական: Համարյա հակաճգնաժամային: Ամենակարևորը` կա տոնի հիշողությունը, տարիների հետ գուցե կգա նաև գիտակցությունը։
Նա մոտենում է մեր տանը` նրան արդեն հանդիպել են Թուրքիայում ու Վրաստանում, իսկ այնտեղ ժամանել է Գերմանիայից, Իսպանիայից ու Մեծ Բրիտանիայից: Իրեն շատ քմահաճ չի պահում, բայց, բոլոր դեպքերում, անցանկալի հյուր է, որտեղից էլ եկած լինի և ուր էլ գնա: Նրա հետ 177457 հանդիպումներից 1462-ը մահացու ելք են ունեցել: Պարզ է, չէ՞, որ տուն թողնելու հյուր չէ: Բայց նա առանձնապես ձեր կարծիքը չի էլ հարցնում, որովհետև բնավորությունը խոզի է, պահվածքն էլ` անհաստատ, օդերում ճախրող: Համենայն դեպս, Հայաստանում նրան պաշտոնապես չեն հանդիպել, մի քանի հոգու կասկածել են նրա հետ ունեցած սերտ հարաբերությունների մեջ, հետո պարզել են, որ կեղծ տագնապ է` Հայաստանում H1N1 գրիպ չկա:
Հայաստանում պաշտոնապես կա այն, ինչ չկա ամբողջ աշխարհում: Արդեն ութ օր: Ճիշտ է, նրան էլ շատ քչերն են հանդիպել, բայց հաստատ բոլորն էլ հանդիպել կցանկանային, ավելին` էս նեղ պայմաններում սիրով կպահեին էլ: Ի՞նչ անենք, որ հայ չի, թեպետ ուզում են հայ համարել, կարևորը` ինքն իր արժեքը պահել գիտի: Թեպետ ոմանք դա էլ են կասկածում: Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ, որոնց դարձերեսին պատկերված է Աբգար արքան: Դրամագիտության պատմության մեջ քրիստոնեական թեմայով առաջին անդրադարձը Հայաստանում: Որոշ փորձագետներ տագնապում են, որ հարյուր հազարանոց Աբգար արքան դրամի արժեզրկման նախանշան է, իսկ կենտրոնական բանկում հավաստիացնում են, թե ուզում են հեշտացնել խոշոր գործարքներ կատարող սուբյեկտների կյանքը: Աբգար արքային այդպես ծննդյան պահից կասկածելը այնքան էլ հյուրընկալ չէ, բայց նա պաշտպաններ էլ ունի, ասում են` հարյուր հազար անվանական արժեքով թղթադրամների մուտքը շուկա չի կարող որևէ ազդեցություն ունենալ դրամի արժեզրկման վրա, քանի որ ոչ թե միտված է շրջանառվող դրամի զանգվածի մեծացմանը, այլ փոխում է կառուցվածքը:
Օգոստոսի 25-ին 77 տարեկանում ուղեղի քաղցկեղից վախճանվեց ԱՄՆ-ի սենատոր Էդուարդ Քենեդին: Դեմոկրատական կուսակցության հիմնասյուներից էր Էդուարդ Քենեդին` Քենեդի եղբայրներից միակը, ում կյանքը բռնի չընդհատվեց` Ջոն Քենեդին սպանվել էր 1963-ին, Ռոբերտ Քենեդին` 1968-ին: Հանրահայտ ընտանիքի նահապետի վերջին հանգրվանը Վիրջինիա նահանգի Առլինգտոնյան ազգային գերեզմանատունն էր:
Միջպետական հարաբերությունների շրջանակներում ընդունված գործընթաց են հեռախոսազրույցները և դրանց հակիրճ, երբեմն էլ, փոխադարձ պայմանավորվածությամբ, անհամապատասխան բովանդակության իրազեկումը: Հենց այդ շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ (արարողակարգի թեթևակի խախտումով` սովորաբար միմյանց հետ հավասարներն են զրուցում. նախագահը` նախագահի, վարչապետը` վարչապետի և այդպես շարունակ, բայց թուրք-ադրբեջանական համապարփակ եղբայրության մեջ ի՞նչ արարողակարգ) ու նրան անձամբ տեղեկացրել է արտգործնախարարության խորհրդականի ու օգնականի նշանակումների մասին, ովքեր ներկայացնելու են Թուրքիայի տեսակետները Կովկասյան տարածաշրջանի զարգացումների մասին: Էրդողանն Ալիևին պատմել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, Ալիևը Էրդողանին` ղարաբաղյան խնդրի լուծման մասին: Պատկերացնո՞ւմ եք` ինչեր են ասել մեր մասին` կարծիքներ փոխանակելով Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության հարցը: Անդրադարձ է լինելու գրավյալ տարածքների խնդրին` ըստ ադրբեջանական լրատվամիջոցների: Ըստ հայկական լրատվամիջոցների` ՀՀ արտգործնախարարությունը փաստին սրամիտ է անդրադարձել` «Յուրաքանչյուր գլխավոր ասամբլեայի նստաշրջանի օրակարգը որոշվում է այդ նստաշրջանի առաջին օրը»: Ըստ արցախյան լրատվամիջոցների` այդ քայլով ադրբեջանցիներն անհնար են դարձնում որևէ փոխզիջում: 2008-ի մարտին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում էլ բանաձև էր ընդունվել` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին»` 39 կողմ, 7 դեմ, 100 ձեռնպահ քվեարկությամբ: Մտածենք` ի՞նչ է ուզում Ադրբեջանը քար ծակող կաթիլի համառությամբ ներշնչել աշխարհին` միջազգային կազմակերպությունների ամբիոնները ծառայեցնելով իր քաղաքական նպատակներին: Որ ագրեսոր հայերն օկուպացրել են Ադրբեջանի պես հզոր երկրի տարածքի 20 տոկոսը ու մատների վրա խաղացնո՞ւմ են` խոստանալով ամեն ինչ ու չտալով ոչինչ։ Թե՞ աշխարհի դիվանագիտական ականջն ընտելացնում են իրենց հնարած «ճշմարտություններին»:
«Ինքնաթիռ նստեք»` սքանչելի բանաձև թուրք-հայկական չկայացած հարաբերությունների համար: Կգնա՞ ՀՀ նախագահը Թուրքիա, չի՞ գնա` արդեն ձանձրալի և օրավուր ժամանակավրեպ դարձող այս հարցը միայն հոկտեմբերի 13-ին միանշանակ պատասխան կունենա, որովհետև երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպումը 14-ին է: Իսկ որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը կարծում է, թե սահմանի բացումը պարտադիր պայման չէ Հայաստանի նախագահի Թուրքիա այցի համար, և նա կարող է ինքնաթիռով Թուրքիա հասնել, մի՞թե որևէ մեկն ակնկալում էր, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն իր բողոքի ձայնը պիտի բարձրացնի հանուն արդարության վերականգնման ու պահանջի միակողմանի փակված սահմանը բացել: Գուցե նստացո՞ւյց էլ անի դեսպանատան դռանը: Չխառնենք պատճառն ու պատրվակը` այս գործում ֆուտբոլը պատրվակ է, որը կարելի է անտեսել, նորը հնարել, մերժել ու «մոռանալ», պատճառը տարաձայնություններն են, որ կան երկու պետությունների` միմյանց ու աշխարհին վերաբերող հարցերի ընկալումներում ու մեկնաբանություններում: Ընդամենը: Լուրջ բան չէ:
Ինչո՞ւ են մարդիկ հակված խմբվելու և դաշինքներ ստեղծելու, ինչո՞ւ են անընդհատ որոնում միմյանց թիկունքը` իրենց պաշտպանված և ուժեղ զգալու համար, հավաքական այդ ի՞նչ ձգողականություն է, որ անհատների հաջողությունը որոնում և ուզում է տեսնել նրանց դաշնակիցների մեջ: Պարբերաբար, նույնիսկ ընտրություններից հետո, հասարակությունը կարիք է զգում դաշինքների և իր կամքը ներկայացնող քաղաքական ուժերից ակնկալում է փոխզիջումներ ու փոխհամաձայնություններ` ընդհանուր տեսակետներ, դաշինքներ ու պլատֆորմներ ձևավորելու համար: Ինչո՞ւ: Չէ՞ որ, ի վերջո, տեսակետների բազմազանությունն ու մրցակցությունն են մոտեցնում առավելագույն արդյունավետ լուծումը: Պետք է ընտրություն կատարել դրանց միջև, ճիշտ ընտրություն: Գուցե հենց հասարակության ընտրական մշակույթի թերզարգացածությունն ու պարզապես բացակայությունն են այդ դաշինքամոլուցքի իրական պատճառը: Որքան մեծ ու քիչ են ընտրվողները, այնքան անայլընտրանք ու հեշտ է ընտրությունը: Հասարակությունը հեշտացնում է իր գործը: Իհարկե, շատ ավելի գերադասելի է քաղաքական մի քանի ուժերի միավորումը, նրանց համատեղ ձեռնարկներն այդ պարագայում ավելի մոտ կլինեն հաջողության, սա անվիճելի է: Բայց Հայաստանի պարագայում, երբ նույնիսկ մեկ բազմանդամ ընտանիքում ամբողջ քաղաքական դաշտը կարող է ներկայացված լինել, դաշինքները պարտադիր չեն հաջողության համար: Երբ ՀՅԴ-ն վերջապես ամբողջացնի ու հրապարակի իր պլատֆորմը, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» արդեն հրապարակված պլատֆորմների հետ շփման կետեր ու համագործակցության եզրեր կլինե՞ն: Քաղաքական դաշտում այս հարցը անհարկի ֆետիշացվում է: Հայաստանի Հանրապետության պատմությունը հասցրել է օրինակներ կուտակել, թե ինչքան անհաստատ ու անկայուն են քաղաքական դաշինքները, ինչն օրինաչափ է ու բնական, ինչպես բոլոր երկրներում: Դաշինքը պայքարի ձև է, նպատակադրված հարցերն առավել արագ ու հեշտ լուծելու միջոց: Բայց մենք սիրում ենք միջոցից նպատակ դարձնել այդ դաշինքները, դրանց գոյության կարևորությունն ու չգոյության ողբերգությունը: Այնպես որ, պլատֆորմներ, քննարկումներ, կոմպրոմիսներ, դաշինքներ` զբաղմունքի փնտրտուք են, երբ անելիք չկա: Իսկ անելիք մեր երկրում` ծովից ծով, հանձն առնող չկա ու անող չկա: Իհարկե, այսօր սկսված աշնան քաղաքական օրակարգի կարևոր հարցերից մեկը ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» փոխհարաբերություններն են լինելու` այլ ուժերի հակազդեցության ու համազդեցության մթնոլորտում: Եվ գուցե հենց դա զբաղմունքի փնտրտուքն է, երբ չես կարողանում գործ անել:
Քիվեստյան սկզբունքները հիշո՞ւմ եք, իսկ մադրիդյա՞ն, կամ կրակովյա՞ն: Երևանյանը գիտե՞ք: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, անընդունելի համարելով մադրիդյան սկզբունքները, առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման երևանյան սկզբունքները` ընդամենը երեք կետ, որոնց կենսագործումը, առաջարկողների կարծիքով, առավել ռեալ ու շոշափելի կդարձնի բանակցային գործընթացի արդյունքները: Առաջին` հակամարտության կողմերը պետք է ստորագրեն հաշտության համաձայնագիր, որը ենթադրում է կողմերի հրաժարումը թշնամական ու ագրեսիվ տրամադրությունների քարոզչությունից: Երկրորդ` հատուկ ծրագրերի իրականացում, որոնք նպատակ ունեն ձևավորելու վստահության ու փոխըմբռնման մթնոլորտ երկու երկրների միջև: Երրորդ` կողմերը պետք է իրականացնեն տնտեսական համագործակցության համատեղ ծրագրեր: Տեսնո՞ւմ եք` ինչ հեշտ է եղել հարցի լուծումը, կարևորը սկզբունքները գտնելն էր, գտնվեցին, հիմա մնում է մի հարյուր տարի էլ որոնել այս սկզբունքների իրականացման մեխանիզմների գործունեության համար անհրաժեշտ սկզբունքները, գտնել ու կենսագործել, ու հարցը փակված է: Պրոբլեմ չկա: Թե չէ ԵԱՀԿ Մինսկի խումբ, համանախագահներ, որ օրը մեկ գալիս-գնում են ու ոչինչ չեն ավելացնում եղածին, բանակցություններ, քննարկումներ, հանդիպումներ, հայտարարություններ, համաձայնագրեր... Ո՞Ւմ են դրանք պետք: Չէ՞ որ ամեն ինչ, ի վերջո, այնքան պարզ է` հելսինկյան ակտ, երևանյան սկզբունքներ, քաղաքական կամք, ով` ում, ով` երբ, ով` ինչ, ով` ինչու, ով` ինչքան...
Մեր ընդհանուր մանկության ու երիտասարդության մեջ դեռ մնացել են անուններ, որ ևս ընդհանուր են ու սիրելի աշխարհի 1/6-րդ մասի հատույթով: 97 տարեկանում վախճանվեց Սերգեյ Միխալկովը: Ո՞վ էր նա` բանաստե՞ղծ, արձակագի՞ր, դրամատո՞ւրգ, սցենարի՞ստ, կինոռեժիսո՞ր, քննադա՞տ: Ո՞վ չէր նա: Խորհրդային Միության երկու օրհներգերի և Ռուսաստանի Դաշնության օրհներգի բառերի հեղինակը ծնվել էր 1913 թվականի մարտի 13-ին, Մոսկվայում, տոհմիկ ազնվականի ընտանիքում: 1933 թվականից նա գրական ասպարեզում էր մինչև մեր օրերը: Եվ նրա ներկայությունն էլ իրական էր ու տիրական, ինչպես լինում է, երբ սիրում ես մարդկանց ու քո գործը, ու նրանք քեզ հասկանում են:
Ճապոնիայում ամռան վերջին կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տոնել ընդդիմությունը` նախնական արդյունքներով դեմոկրատներն ավելի շատ ձայներ են հավաքել լիբերալ դեմոկրատներից, որոնք վերջին մի քանի տասնամյակներին իշխող կուսակցություն էին և, ձևավորելով խորհրդարանական մեծամասնություն, կնշանակեն նաև իրենց կուսակից վարչապետին: Պատճառը ֆինանսատնտեսական ճգնաժամի չհաղթահարված հետևանքներն են համարվում:
Այսպես եկավ աշունը: Հայաստանում ու աշխարհում:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2002

Մեկնաբանություններ